Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն

Ողջույնի խոսք


 

Ողջունում եմ Ձեզ մեր ինտերնետային կայքում: Հուսով եմ, այն Ձեզ կօգնի ավելի հստակ պատկերացնել Կանանց իրավունքների կենտրոնի կողմից իրականացվող այն ծրագրերը, թեմաները և գաղափարները, որոնցով առաջնորդվում ենք:  Նախ, կցանկանայի հետադարձ հայացք գցել և ընթերցողի ուշադրությունը հրավիրել Հայաստանի կանանց շարժման պատմության, ակունքների ու զարգացման նախադրյալներին: 1991 թ. մինչ օրս Հայաստանի կանանց ՀԿ-ները նշանակալի աշխատանք են կատարել կանանց դրության հիմնախնդրի վերաբերյալ հասարակական կարծիք ձևավորելու գործում: Բազմիցս անցկացվել են կանանց խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, հասարակական և խորհրդարանական լսումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները: Կանանց հասարակական կազմակերպություններն աշխատում են զանգվածային լրատվության միջոցների հետ` առաջ տանելով կանանց շահերը և նպաստելով ԶԼՄ-ներում գենդերային քաղաքականության ձևավորմանը: Հաճախ այդ կազմակերպությունները գործում են կանանց և երեխաների համար մատուցվող ծառայությունների ոլորտում` լրացնելով, երբեմն նաև լիովին ստանձնելով աշխատանքի այն հատվածը, որը պետք է ապահովվեր պետության կողմից: 
Ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է կանանց հիմնախնդիրներով զբաղվող մոտ 60 հասարակական կազմակերպություն, որոնց գործունեությունը կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններով`

  • կանանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն,
  • կանանց մասնակցություն որոշումների ընդունման գործընթացներին,
  • կանանց և երեխաների պաշտպանություն բռնությունից,
  • կանանց վերարտադրողական և սեռական առողջություն և իրավունք,
  • ձեռնարկատիրության զարգացում կանանց շրջանում, 
  • կանանց և երեխաների սոցիալական պաշտպանություն, ինչպես նաև` բարեգործություն:

Սակայն յուրաքանչյուր կառույցի, այդ թվում և կանանց հասարակական կազմակերպությունների աշխատանքի և գոյատևման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Այդ պայմանների բացակայության պատճառով ոչ բոլոր գրանցված կազմակերպություններն են իրականում աշխատում, նրանցից շատերը գոյություն ունեն միայն թղթի վրա: Մի մասն էլ աշխատում է ժամանակ առ ժամանակ` կախված լինելով դրամաշնորհից, եթե այն հաջողվում է ստանալ: Երբեմն նրանք ստիպված են մասնակցել դրամաշնորհային մրցույթի ցանկացած թեմայով, միայն թե ինչ-որ չափով աշխատանքի աջակցություն ապահովեն: Կարևոր չէ անգամ, որ մրցույթի թեման երբեմն չի համապատասխանում իրենց առաքելությանը: Եվ փաստորեն կանանց կազմակերպություններից քչերին է միայն հաջողվում հարատևել ու մնալ ասպարեզում: Հայաստանի կանանց շարժման հաջող զարգացման պակաս կարևոր խոչընդոտ չէ այն հանգամանքը, որ հասարակությունը դեռ բավականաչափ պատրաստ չէ հաղթահարելու գենդերային անհավասարությունը, հայրիշխանական կարծրատիպերի ազդեցությունը կին լիդերների քաղաքական ակտիվության վրա: Էական դեր են խաղում նաև բարոյական և ֆինանսական թույլ օժանդակությունը ընտրովի մարմիններում կանանց առաջ մղելու գործում և երբեմն հենց կանանց մասնագիտական թերի պատրաստակամությունը ակտիվ քաղաքական և հասարակական կյանքի համար: 

Հասարակական կազմակերպությունների առաջնորդները, զբաղված լինելով իրենց կազմակերպությունների, իսկ երբեմն էլ սեփական գոյատևման համար միջոցների որոնմամբ, հաճախ ոչ լիովին են հասկանում միավորման կարևորությունը կամ պարզապես անտեսում են մյուս կազմակերպություններին` այնքան էլ շահագրգռված չլինելով միավորման գաղափարներով: Վաղվա օրվա հանդեպ անվստահությունը և ֆինանսական միջոցների շարունակական որոնումները խլում են նրանց ժամանակի ու ջանքերի մեծ մասը և ցանկություն չեն թողնում ուրիշ կարգի գործունեության համար: Հետևաբար պատահական չէ, որ տակավին թույլ են նրանց կարողությունները, միավորվելու, միավորումներ ստեղծելու բոլոր փորձերը ձևական են, հաճախ անկազմակերպ ու միանվագ բնույթի: Եվ եթե ժամանակ առ ժամանակ այս կամ այն հիմնախնդիրը  որևէ միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում և միասնական ուժերով լուծելու համար ստեղծվում են ոչ ֆորմալ խմբավորումներ, ապա նրանք հետագայում երկար չեն գոյատևում: 
Գաղափարական տեսանկյունից նույնպես դեռևս հայեցակարգ չի մշակվել և չի ձևավորվել այնպիսի կոորդինացնող մարմին, որն իր շուրջը միավորեր այդ կազմակերպություններին: Չկա նրանց համագործակցության համատեղ մշակված հստակ ռազմավարություն, նրանք գործում են միմյանցից անկախ, ըստ իրենց ֆինանսական դրության և կազմակերչպական ունակությունների: Կանանց կազմակերպությունների արդյունավետ աշխատանքի և կանանց շարժման զարգացման երաշխիքներն են`

  • մշտական ֆինանսական և բարոյական աջակցությունը թե’ միջազգային կազմակերպությունների և դոնորների, թե’ պետության կողմից
  • կանանց իրավունքներին նվիրված հետազոտությունների ընդլայնումը, որոնք կնպաստեն արդյունավետ պետական քաղաքականությանը և այդ խնդրի ընդգրկմանը պետական բյուջեում
  • կանանց կազմակերպությունների լիդերների ուսուցում, հատկապես այն հարցերի շրջանակներում, թե ինչպես ներկայացնել և առաջ մղել կանանց ՀԿ-ների շահերը իշխանության բոլոր մակարդակներում և միջազգային ատյաններում
  • Հայաստանում կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների առավել սերտ համագործակցության խթանում տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում
  • կանանց կազմակերպությունների գործունեության կոորդինացումը համատեղ ռազմավարությունների և գենդերային հավասարության լոբբինգի նոր մեթոդների մշակման նպատակով:

Այսուհանդերձ, չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի կանանց կազմակերպությունները նշանակալի հաջողություններ ունեն: Քաղաքացիական հասարակության կայացման խնդրով զբաղվող փորձագետների շրջանում վաղուց ի վեր կասկած չի հարուցում այն տեսակետը, որ կանանց հասարակական կազմակերպությունները ժողովրդականություն են վայելում, շահել են հասարակության վստահությունը և ներկայացնում են երկրի հասարակական ոլորտի առավել ակտիվ գործող հատվածը: 

Համոզված եմ` հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը զարգացած ու ժողովրդավարական երկիր կդառնա, և կանանց իրավունքների թեման բնական հնչեղություն կունենա:  

 


Սուսաննա Վարդանյան, 
Կանանց իրավունքների կենտրոնի հիմնադիր և նախագահ

Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am