Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ


Կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը բարելավելու համար կենտրոնն աշխատում է հետևյալ ուղղություններով`

 

Վերարտադրողական և սեռական առողջության
վերաբերյալ իրազեկվածության բարձրացում 

 

Կանանց իրավունքների կենտրոնը ջանքեր չի խնայում հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի առավելությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար: Այս նոր մեթոդը կիրառելի է դարձել նաև Հայաստանում:

Մեթոդի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում է իրականացվում ոչ միայն հանրապետության մայրաքաղաքում, այլ նաև տարբեր մարզերում: Զգալի նշանակություն է տրվել հղիության դեղորայքային ընդհատման ապահով մեթոդի և դեղորայքի օգտագործման խորհրդատվության վերաբերյալ կանանց տրամադրված տեղեկատվությանը:

 

Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ են տպագրվել և բաժանվել կանանց մանկաբարձ-գինեկոլոգների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացների ժամանակ: Մեծ քանակությամբ տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ է բաժանվել նաև մարզերի ծննդատներում և բժշկական հաստատություններում: Բուկլետը տեսնելու համար անցեք հետևյալ հղումով` http://wrcorg.am/en/publications.htm  

 

 

 

 Կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքներին նվիրված հաղորդաշար

   

Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել է կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքներին նվիրված հեռուստահաղորդումների շարք Հայաստանի տարբեր մարզերում. Գեղարքունիքում, Լոռիում և Կոտայքում: Առաջին հաղորդումը տեղի ունեցավ 2015թ. սեպտեմբերի 28-ին` Անվտանգ և օրինական աբորտների ընդունմանն ուղղված ակցիաների միջազգային օրվան, որի նպատակն էր տարածել հղիության ընդհատման անվտանգ մեթոդների մասին տեղեկատվությունը: Հաղորդումները կազմակեպվել են հարց ու պատասխանի ֆորմատով և հյուրընկալել են ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանին, Գեղարքունիքի մարզի Ծննդատան գինեկոլոգիայի և մանկաբարձության բաժնի պետ Վազգանուշ Հովհաննիսյանին, Լոռվա մարզի Ծննդատան գինեկոլոգիայի և մանկաբարձության բաժնի պետ Արամ Ավալյանին, Կոտայքի մարզի Ծննդատան հետծննդյան խնամքի բաժանմունքի բժիշկ Վանիկ Ադամյանին: Այս հաղորդաշարի ցուցադրումը ևս մեկ հնարավորություն էր լուսաբանելու կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների խնդիրը: Հաղորդումների ընթացքում նեկայացվել է Հայաստանում և առանձին մարզերում հղիության ընդհատումների ներկա իրավիճակը, գնահատվել են հղիության դեղորայքային ընդհատման առավելությունները մյուս մեթոդների հետ համեմատությամբ, ինչպես նաև խոսվել է սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի մասին: Նաև ներկայացվել է «Հղիության դեղորայքային ընդհատման դեպքում բուժօգնության կազմակերպում և տրամադրում» կլինիկական չափորոշիչը և նշվել է, որ այն կտրամադրվի Հայաստանի ծննդատներին և կերաշխավորի հղիության անվտանգ ընդհատումները: Հաղորդումների վերջում մասնակիցները կոչ են արել ունենալ շատ երեխաներ, իսկ անցանկալի հղիությունների դեպքում ընտրել անվտանգ մեթոդ հղիության ընդհատման համար:

Վերամշակված կլինիկական չափորոշիչ.

Հղիության դեղորայքային ընդհատման դեպքում բուժօգնության կազմակերպում և տրամադրում

Երկրորդ եռամսյակում անցանկանալի հղիության դեղորայքային ընդհատման ուսւոմնասիրության շրջանակներում, որն իրականցվում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, Աշխատանքային խումբը վերանայել 2010թ. թողարկված Կլինիկական չափորոշիչը: Վերամշակված չափորոշիչը նախատեսված է Հայաստանում հղիության արհեստական ընդհատման ծառայություն մատուցողների համար: Այն առաջարկում է անցանկալի հղիության ընդհատման այլընտրանքային` դեղորայքային տարբերակ, հղիության արհեստական ընդհատման առավել անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հղիության ընդհատման ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու նպատակով: Չափորոշիչը ներառում է ընդհանուր տեղեկատվություն առաջին և երկրորդ եռամսյակների հղիության դեղորայքային ընդհատումը կազմակերպելու և իրականացնելու մանրամասների մասին, այդ թվում` դեղամիջոցների և նշանակման ժամկետների, ցուցումների, հակացուցումների ու նախազգուշացումների, ինչպես նաև կողմնակի ազդեցությունների վերացման և բարդությունների բուժման մասին:

Երևանում, Գյումրիում և Վանաձորում իրականացված hետազոտություններ և ուսումնասիրություններ  

 

Կանանց Իրավունքների Կենտրոնը շարունակաբար իրականացնում է հղիության դողորայքային ընդհատման մեթոդի լուսաբանման աշխատանքները`խթանելով այս մեթոդի տարածումն ու կիրառումը Հայաստանում: 2013 թ. ապրիլից մինչև սեպտեմբերի 30-ը հետազոտություններ և դիտարկումներ են իրականացվել Երևանի, Գյումրու և Վանաձորի  5 հիվանդանոցներում: Հետազոտություններն իրականացվել են Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնում, Գյումրու մանկաբարձական հիվանդանոցում  և Վանաձորի բժշկական կենտրոնում: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչպես է ընթանում դեղորայքային ընդհատման մեթոդի կիրառումը վերոնշյալ 5 հիվանդանոցներում, և թե արդյոք հիվանդը տեղեկացվում է հղիության ընդհատման այս մեթոդի մասին, դրա առավելությունների, ինչպես նաև դրա բացասական կողմերի մասին:

Ուսումնասիրվել են մոտ 250 կանայք ովքեր դիմել են հղիության դեղորայքային ընդհատման: Արդյունքում արձանագրվել է, որ հղիության այս մեթոդով ընդհատման  բոլոր դեպքերը ավարտվել են հաջողությամբ: 


  
Հղիության ընդհատման վերաբերյալ փորձի փոխանակման հանդիպում Գյումրիում և կլոր սեղան հանդիպում Երևանում 

 

2012 թվականի ապրիլի 16-17-ին իրականացվեց երկու հանդիպում` նվիրված հղիության դեղորայքային ընդհատմանը Հայաստանում:

Իրականացված հանդիպումների նպատակն էր վերապատրաստել տեղական գինեկոլոգ-մանկաբարձերին հղիության դեղորայքային ընդհատման բնագավառում` ներկայացնելով Երևանում, Գյումրիում և Վանաձորում իրականացված հետազոտությունների արդյունքները, Միֆեպրիստոն և Միզոպրոստոլ դեղորայքային ընդհատման գործողությունների մեխանիզմները, վերջինիս ցուցումներն ու հակացուցումները, ինչպես նաև դրա հետևանքներն իր դրական և բացասական կողմերով:

 

Մասնավորապես, Գյումրիում իրականացված փորձի փոխանակման ընթացքում ներկայացված վիճակագրական տվյալների շնորհիվ պարզվեց, որ դեղորայքային աբորտը Գյումրիում իրականցվում է արդեն 1-1,5 տարի: Ըստ Ֆ.Գրիգորյանի զեկույցի` այս ժամանակահատվածում 5-10 շաբաթների ընթացքում դիտարկվել են ավելի քան 100 կին, որոնք դիմել են հղիության դեղորայքային ընդհատմանը: Համաձայն ներկայացված տվյալների` դրանցից 96-ի մոտ այն ընթացել է առանց որևէ բարդությունների:

Ըստ Գյումրիի փորձագետ Գ.Գրիգորյանի և Վանաձորի փորձագետ Ա.Ավալյանի` սա վկայում է այն մասին, որ հղիության դեղորայքային ընդհատմանը դիմող կանանց թիվն աստիճանաբար ավելանում է, ինչը նպաստում է ընտանեկան պլանավորման զարգացմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական և սեռական առողջության պահպանմանը:

 

Այսպիսով, իրականացված հանդիպումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ դեղորայքային աբորտը Հայաստանում անցանկալի հղիության արհեստական ընդհատման առավել անվտանգ, ինչպես նաև հղիության ընդհատման ծառայությունների մատչելիությունը բարձրացնող լավագույն միջոցն է հանդիսանում: 

   

Մամլո ասուլիս հղիության ընդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ 

 

2012 թ.-ի հունվարի 23-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման նոր, անվտանգ և արդյունավետ մեթոդի քննարկման վերաբերյալ: 2007 թ-ից ի վեր Կանանց իրավունքների կենտրոնը աշխատում է կանանց վերարտադրողական և սեռական առողջության պաշտպանման ոլորտում: Այս ընթացքում կանանց և մանկաբարձ գինեկոլոգների համար անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ և համապատասխան գրականություն է տպագրվել ու բաժանվել:

 Իրականացվել են նաև վերապատրաստման դասընթացներ ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ծննդատներում և բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազում կանայք նախընտրում են դեղորայքային վիժեցումը, քանի որ այն առավելագույն անվտանգություն է ապահովում և վիժեցման գործողությունները վերահսկելի են կնոջ կողմից: Անցանկալի հղիության դեղորայքային ընդհատումը այլընտրանք է հղիության գործիքային վերահատական միջամտությանը և պետք է իրականացվի միայն կլինիկական պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգների քննությունից հետո և նրանց վերահսկողության ներքո:

 

    Կլոր սեղան <<Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների  ընդլայնումը Հայաստանում>>  թեմայով 

 

2011 թ.-ի հուլիսի 15-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպեց կլոր սեղան` <<Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում>> թեմայով: Կլոր սեղանին ներկա էր նաև ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակից Արմինե Հարությունյանը:

Կլոր սեղանի խոսնակներից Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը ներկայացրեց հղիության դեղորայքային ընդհատման դեղամիջոցների ընդհատման դեղամիջոցների ընդունման կարգը և ազդեցությունը: Մասնավորապես նշվեց, որ դեղորայքը կյանքին վտանգ չներկայացնող, անվտանգ միջոց է:

Կլոր սեղանի հարց ու պատասխանի ժամանակ բոլորը համակարծիք էին այն մտքի հետ, որ անցանկալի հղիությունը ընդհատելու դեղորայքային տարբերակն ընտրած կինը դեղորայքները պետք է գնի բացառապես բժշկի տված դեղատոմսով: Հակառակ դեպքում կնոջ առողջությունը կարող է դրվել վտանգավոր սպառնալիքի տակ: Այս առիթով Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը նշեց, որ հանրության լայն շրջաններին իրազեկելու խնդիր կա, և որ այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվի հեռուստահաղորդում, որում մանրամասն կներկայացվի հղիության դեղորայքային մեթոդը, դրա կիրառման ձևերն ու կարգը:

  

 

 Հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ

 

Հայաստանում հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու լավագույն միջոցը Երևան քաղաքի և ՀՀ մարզերի  մանկաբարձ-գինեկոլոգների հետ վերապատրաստման դասընթացներ անցկացնելն է: Կենտրոնն աջակցում է առողջապահության ոլորտի մասնագետներին` հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի վերապատրաստման դասընթացներ անցկացնելով:

 

2012թ.-ի նոյեմբերի 29-ին Անի Պլազա հյուրանոցում անց կացվեց դասընթաց երկրորդ եռամսյակի հղիության ընդհատման վերաբերյալ: Դասընթացը նախատեսված էր Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի #2 ամբիոնի և Վերարտադրողական առողջության պերինատալիոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի (ՎԱՊՄԳՀԻ) բժիշկների և բուժքույրների համար: Դասընթացը անց են կացրել Մոլդովայից և Վրաստանից եկած մասնագետները: Դասընթացի ժամանակ նրանք համառոտ կերպով ներկայացրեցին իրավիճակը Հայաստանում, արհեստական վիժում իրականացնելու պատճառները, երկրորդ եռամսյակում հղիության դեղորայքային ընդհատման համար հիմնականում գործածվող ռեժիմները, տեխնոլոգիաներն, ինչպես նաև վիճակագրական տվյալներ հղիության վիրաբուժական և դեղորայքային ընդհատման վերաբերյալ: Մասնակից բժիշկներին ներկայացվեցվ հղիության երկրորդ եռամսյակում ընդհատման կարգը, ինչը մանրամասն բացատրվեց և քննարկվեց:  

 2009թ. հուլիսի 10-ին Երևանի <<Կոնգրեսս>> հյուրանոցում մայրաքաղաքի ծննդատների և բժշկական հաստատությունների ավելի քան 30 մասնագետների հետ վերապատրաստման դասընթաց անցկացվեց, որի ժամանակ ներկայացվեց մայրաքաղաք Երևանում գործող 3 կլինիկաներում (Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ, Ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության կենտրոն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և կանանց վերարտադրողական առողջության բաժին) մոտ 450 հղի կանանց հետ անցկացված հետազոտության արդյունքները: Մասնակիցներին նաև բաժանվեցին համապատասխան նյութեր հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ` ուսումնասիրությունների ցուցակ, տեղեկատվական թռուցիկներ կազմակերպության և հետազոտության վերաբերյալ:

 

2009 թ.-ի հոկտեմբեր ամսին Գյումրիում անցկացվեց վերապատրաստման երկօրյա դասընթաց, որի նպատակային լսարանը Շիրակի մարզի տարբեր քաղաքների բժշկական հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգներն էին: 2010 թ.-ի դեկտեմբերին մեկ այլ երկօրյա դասընթաց իրականացվեց նաև Վանաձոր քաղաքում:

 

 Հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի վերաբերյալ կլինիկական ուղեցույցի մշակում

 

2010թ.-ի հունիսի 15-ին կայացած որոշման հիման վրա ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է հղիության ընդհատման դեղորայքային մեթոդի վերաբերյալ կլինիկական ուղեցույցի մշակումը և տարածումը:

 

Ուղեցույցի մշակման համար հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարութան աշխաատկազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.դ. դոցենտ` Գայանե Ավագյանը: Ուղեցույցի մշակման համար կարևոր են եղել նաև բժիշկ-հետազոտող Ռուզաննա Աբրահամյանի (Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ), Աստղիկ Զարգարյանի (Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ) և Արմինե Հարությունյանի (Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ, Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի տնօրեն) միացյալ ջանքերը: 

Գրքույկը նախատեսված է  Հայաստանում հղիության արհեստական ընդհատման ծառայություն մատուցողների համար և առաջարկում է անցանկալի հղիության ընդհատման այլընտրանքային` դեղորայքային տարբերակ, հղիության արհեստական ընդհատման առավել անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հղիության ընդհատման ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու նպատակով: 

Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am