Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1997թ-ից: Այն մարդկանց կամավոր միություն է, ովքեր միավորել են իրենց ջանքները հանուն ընդհանուր նպատակի՝ կանխել ընտանեկան բռնությունը կանանց և նրանց երեխաների նկատմամբ: Կազմակերպչական կառուցվածքի հիմնական մարմիններն են՝ Գլխավոր ժողովը, Փորձագետների և գործադիր խորհուրդները, աշխատակազմը, կամավորները և փորձնակները: Այսօր ԿԻԿ-ը ունի ներկայացուցիչներ ՀՀ բոլոր մարզերում:
2017 թվականին Կանանց իրավունքների կենտրոնը ստացավ հատուկ խորհրդատվական կարգավիճակ Միացյալ Ազգերի Կազմակերպության Տնտեսական և Սոցիալական խորհրդում:
Տեսլականը
Տեսնել Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր, որտեղ կանանց իրավունքները և հիմնարար ազատությունները հարգվում են որպես մարդու իրավունքներ, կանայք անկախ են, ապահով, ուժեղ և զերծ բոլոր տեսակի բռնություններից:
Առաքելությունը
Աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին` բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, փոխել հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց հիմախնդիրների նկատմամբ, պաշտպանել կանանց իրավունքները` նպաստելով գենդերային հավասարությանը` ծառայությունների, քարոզչության և լոբբինգի, օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական արշավների և կապերի ընդլայնման միջոցով:
Հիմնական նպատակները
- Կանխել կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը,
- Պաշտպանել կանանց և նրանց երեխաների` բռնությունից ազատ լինելու իրավունքը,
- Մշակել ընտանեկան բռնության համար հետապնդման մեխանիզմներ և աջակցել դրանց իրականցմանը:
Ռազմավարությունը
Սկսած 1997 թվականից Կանանց իրավունքների կենտրոնը իր գործունեությունը ծավալել է 2 հիմնական ուղղություններով՝ ընտանեկան բռնություն կանանց և նրանց երեխաների նկատմամբ և կանանց սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներ:
Իր նպատակներին հասնելու համար ԿԻԿ-ը մշակել է երկարաժամկետ ռազմավարություն <<Խախտենք լռությունը կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերավերյալ>>, որը իրականացվում է քայլ առ քայլ:
Փորձագետների խորհուրդը
Կանանց իրավունքների կենտրոնի խորհրդատվական մարմինն է Փորձագետների խուրհուրդը, որի նպատակն է աջակցել կենտրոնի գործունեությունը կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելման, զոհերի պաշտպանության և հետապնդման մեխանիզմների մշակման և իրագործման ոլորտում: Խորհրդի անդամներն են կառավարության և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կանանց հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ:
Գործադիր խորհուրդը
Գործադիր խորհուրդը կենտրոնի որոշում կայացնող մարմինն է, որի մեջ ընդգրկված են կազմակերպության աշխատակազմից 3 անդամներ: Այս խորհրդի ստեղծման նպատակն է խթանել կենտրոնի գործունեությունը: