Կենտրոնի (ԿԻԿ) ծառայությունները անվճար են և ուղղված են ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին համապատասխան աջակցություն տրամադրելու համար: 1997թ.-ից կազմակերպությունը տրամադրում Ազգային Թեժ Գիծ հեռախոսահամարի ծառայություն, որը տրամադրում է անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին: Երբ հեռախոսային խորհրդատվությունը բավարար չէ օգնելու համար, կանայք և նրանց երեխաները հրավիրվում են  ճգնաժամային կենտրոն անհատական հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական աջակցություն և սոցիալական օգնություն ստանալու համար: Գաղտնիությունը առաջնային և կարևորագույն սկզբունքն է, որի համաձայն Ազգային Թեժ Գիծը և ճգնաժամային կենտրոն  տրամադրում են իրենց ծառայությունները:

 

Ճգնաժամային կենտրոն

Ելնելով տարբեր հանգամանքներից` լինում են դեպքեր, երբ Ազգային Թեժ Գծով խորհրդատվությունը բավարար չէ ընտանեկան բռնության ենթարկվածներին ավելի արդյունավետ օգնություն տրամադրելու համար: Երբեմն իրավիճակը այնքան բարդ է, որ կանանց անհատական խորհրդատվություն տրամադրելը չափազանց կարևոր է: Այդ դեպքերում կանայք և նրանց երեխաները հրավիրվում են Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն անհատական հոգեբանական և իրավաբական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական աջակցություն և սոցիալական օգնություն ստանալու համար: Համապարփակ մոտեցման շրջանակներում ԿԻԿ-ը ընտանեկան բռնությանը ենթարկված կանանց տրամադրում է խորհրդատվություն կանանց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ դիմումների, հայցադիմումների, միջնորդությունների և առարկությունների կազմում: 

 

Կանանց աջակցման խումբ

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբանները Կանանց աջակցման խումբ են վարում ընտանեկան բռնության ենթարկված այն կանանց համար, որոնք դիմել են Կենտրոնի ծառայություններին: Կանանց աջակցման խմբի հանդիպումների նպատակն է կանոնավոր տրամադրել խմբային հոգեբանական թերապիա, որը, հանդիսանալով հոգեբանական ինտերվենցիայի արդյունավետ ձև, նպաստում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց մոտ միայնակության, տագնապի, շփոթվածության զգացումներից ազատմանը, ինչպես նաև խթանում է ինքնագնահատականի բարձրացմանը և հոգեբանական հավասարակշռության վերականգնմանը: Հանդիպումներն անցկացվում են ‹‹Դու միայնակ չես›› և ‹‹Դա քո մեղքը չէ›› կարգախոսների ներքո և ուղղված են ընտանեկան բռնության ենթարկված կանանց մոտ հաճախ հանդիպող ‹‹զոհի սինդրոմ››-ի հաղթահարմանը: Հանդիպումների ավարտին խմբի մասնակիցները հնարավորություն են ունենում ուղղել իրենց հուզող իրավաբանական հարցերը Կենտրոնի իրավաբանին և ստանալ սպառիչ պատասխաններ: 2020 թվականի հունվարի 1-ից մինչև օգօստոսի 31-ի անցկացվել է 8 աջակցման խումբ յուրաքանչյուրը 4-5 մասնակցով:

 

 

Երեխաների աջակցման խումբ

Երեխաների աջակցման խումբը անցկացվում է ընտանիքում բռնության ենթարկված կանանց երեխաների համար, ովքեր ականատես են եղել կամ ենթարկվել են ընտանեկան բռնության: Կազմակերպության հոգեբանները երեխաների հետ հանդիպումները անցկացնում են դրական և ջերմ մթնոլորտում՝ կիրառելով մանկական հոգեթերապիայի մեթոդներ՝ հեքիաթաթերապիա, արտ-թերապիա, դրամա-թերապիա և այլն: 2020 թվականի հունվարի 1-ից մինչև օգօստոսի 31-ի անցկացվել է 3 աջակցման խումբ յուրաքանչյուրը 4-5 մասնակցով:

 

 

 

Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել