«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:
Հաղորդման հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։
Հաղորդման ընթացքում քննարկվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը և գործառույթները լուծելու և կանխարգելելու ընտանեկան բռնության ոլորտում առկա խնդիրները «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։
Նախարարության կատարված աշխատանքը ներկայացվեց 3 փուլով՝ օրենքի ընդունումից հետո համապատասխան մեխանիզմների ներդրում, դրանց պրակտիկ իրականացում և հասարակության իրազեկվածության բարձրացում, այդ թվում նաև ոլորտի մասնագետների վերապատրաստում։
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար աջակցության կենտրոնների և ապաստարանների ստեղծումը ՀՀ բոլոր մարզերում նախարարության առջև դրված կարևորագույն քայլերից էր։ Ըստ Ս․ Բոստանչյանի, 2020թ․ առաջին կիսամյակի դրությամբ աջակցության բոլոր կենտրոնների կողմից աջակցություն է տրամադրվել շուրջ 463 քաղաքացու, իսկ 2 ապաստարաններում տեղավորվել է 55 անձ, որոնցից 32-ը երեխաներ էին, իսկ 22-ը՝ կանայք։
«Աջակցման կենտրոնը կատարում է աջակցող և օժանդակող աշխատանք, և ոչ թե բաժանող կամ քանդող գործառույթ», - նշում է Բոստանչյանը՝ խոսելով աջակցման կենտրոնների ցուցաբերած աշխատանքի և հասարակությունում առկա կարծրատիպերի մասին։
Այսպիսով, քննարկման արդյունքում, վեր հանվեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթները, կատարված աշխատանքները, հետագա մեխանիզմները ուղղված ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը և այդ հիմնախնդրի կանխարգելմանը։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Copyright 2021. Design and development by G DESIGN GROUP