«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդում նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:
Հաղորդման հյուրն էր ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
Հաղորդման ընթացքում քննարկվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված աշխատանքները, բարեփոխումները, համագործակցությունը պետական և ոչ պետական մարմինների հետ և այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են բռնության ենթարկված կանանց առողջապահական տեսանկյունից լիարժեք օգնության տրամադրման համար։
Օրենքի ընդունումից հետո ընտանիքում բռնության ենթարկված կանանց առաջնային բուժօգնության տրամադրման, գրանցման, հաղորդման կարգը և մի շարք այլ գործող մեխանիզմներ ստացան օրենսդրական լուծում։
Պետք է նշել, որ առողջապահական համակարգը այն հիմնական օղակներից է, որն անմիջականորեն կապված է բռնություն եզրույթի հետ։ Այստեղ մեծ դեր ունեն բուժաշխատողները, ովքեր պետք է կարողանան ճիշտ աշխատել բռնության ենթարկված անձանց հետ, քանի որ եթե ֆիզիկական բռնության դեպքում հնարավոր է լինում վեր հանել խնդիրը և անմիջապես օգնություն ցուցաբերել, ապա բռնության հոգեբանական, տնտեսական դրսևորումների դեպքում պետք է պարզապես հասկանալ կնոջ հոգեվիճակը և տրամադրել համապատասխան օգնություն։
«Բռնությունը դեռևս արդարացվում է բռնության ենթարկված անձանց կողմից, դա պետք է փոխվի։ Նախադպրոցական տարիքից, ընտանիքում, ամբողջ ընթացքում, շարունակաբար պետք է ներշնչվի կանանց և տղամարդկանց, որ բոլոր պարագաներում բռնությունը անթույլատրելի երևույթ է և այն պետք է վերանա», - մատնանշում է Գ․ Ավագյանը՝ կարևորելով երևույթի երկկողմանի բացահայտումը, սակայն որի բացակայության արդյունքում այդ հանձնարարականը կարծես փոխանցվել է բուժաշխատողներին։
Քննարկման արդյունքում վեր հանվեցին ՀՀ Առողջապահության նախարարության գործառույթները, կատարված աշխատանքները, հետագա քայլերը ուղղված ընտանեկան բռնության ենթարկված անձանց առաջնային օգնության տրամադրմանը և պաշտպանությանը։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Copyright 2021. Design and development by G DESIGN GROUP