«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր, օգնում բազմաթիվ ընտանիքների՝ ապահովելով նրանց կրթական, հոգեբանական և նյութական աջակցություն։ 2011 թ. բացվեց «Մայրատուն» ծրագիրը, որը հանդիսանում է ապաստան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար։ Ինչպես նշում է իր խոսքում Լ. Սարգսյանը, ծրագրի հիմնական նպատակն է, որ ոչ մի հայ երեխա չհայտնվի մանկատանը։
Կինը հայտնվելով ապաստարանում ստանում է համապատասխան հոգեբանական, իրավաբանական աջակցություն, սոցիալական, բժշկական օգնություն։ Այս ամենը իրականացվում է պետական և ոչ պետական մարմինների համագործակցությամբ։ Գործունեության արդեն 10 տարիների ընթացքում «Մայրատունը» ընդունել է 382 կին և 610 երեխա։
Բռնության վերապրողների համար ապաստարանը էական նշանակություն ունի, քանզի բռնության ենթարկված կանանց մեծ մասը հայտնվում է դրսում չունենալով աջակցության որևէ աղբյուր։ Հասարակությունը հաճախ է թիրախավորում այդ կանանց, ում համար ապաստարանը վերջին հույսն է։
Բռնությունը չարիք է, որը խլում է հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ ապրելով անբարենպաստ միջավայրում կինը շատ հաճախ հրաժարվում է դուրս գալ այդ վիճակից և սկսել նոր կյանք։ Այստեղ օրենքը անզոր է գտնվում, քանի որ կինն է որոշում իր կյանքը ինչպես դասավորել և ինչպես շարունակել ապրել։ Ապաստարանը հանդիսանում է ապահով բնակելի տարածք կնոջ համար, քանի որ բռնարարը սպառնում է ոչ միայն կնոջը, այլ նաև նրա հարազատներին, մինչդեռ ապաստարանը ապահովում է կնոջ անվտանգությունը։ Ապաստարանը հնարավորություն է տալիս կանանց ստանալու մասնագիտական հմտություններ, ինչը հետագայում կօգնի նրանց փնտրելու աշխատանք։
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը սահմանում է` ապաստարանում գտնվելու առավելագույն ժամանակահատվածը 12 ամիս է։ Ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում են կայացնում ոստիկանությունը և աջակցության կենտրոնը՝ բռնության ենթարկված անձի դիմումի հիման վրա։
Ապաստարանների առկայությունը անհրաժեշտություն է, որը շատ հաճախ լինում է բռնության ենթարկված անձի վերջին հույսը։
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Copyright 2021. Design and development by G DESIGN GROUP